Յուսուֆ Կարշ

2000 թ. «Ով ով է» (Who’s Who) հայտնի պարբերականն աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհի ամենահայտնի 100 մարդկանց ցուցակում: Իսկ այդ 100-ից 51-ին անմահացրել է Քարշը: Չերչիլ, Կաստրո, Խրուշչով, Քենեդի, Հեմինգուեյ, Յունգ, Մայր Թերեզա, Էյնշտեյն, Բերնարդ Շոու, Էլիզաբեթ Թեյլոր, Սոմերսեթ Մոեմ, Քրիստիան Դիոր, Դալի, Օդրի Հեպբյորն, Սոֆի Լորեն… Այս շարքը կարելի է անվերջ շարունակել, իսկ նրանց բոլորին միավորում է մի բան` Քարշի ֆոտոխցիկը: Հայազգի հռչակավոր լուսանկարիչն անմահացրել է ժամանակի ամենահայտնի հասարակական-քաղաքական գործիչներին, դերասաններին, երգիչներին ու գիտնականներին:

Յուսուֆ Քարշը ծնվել է 1908 թ., Արևմտյան Հայաստանի Դիարբեքիր նահանգի Մարդինի գավառում: 1922 թ., երբ Յուսուֆը (իսկական անուն-ազգանունը՝ Հովսեփ Քարշյան) 14-ամյա պատանի էր, նրա ընտանիքն էլ շատերի պես ենթարկվում է հալածանքների ու բռնի տեղահանման: Քույրը սովից մահանում է: Նրա երկու հորեղբայրները ձերբակալվում ու սպանվում են: 1922 թ. Քարշի ընտանիքին վերջապես թույլ են տալիս դուրս գալ երկրից, և նրանք, առանց ունեցվածքը վերցնելու, մի կերպ հասնում են Սիրիա` Հալեպ: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, այդ պատճառով նրան բռնում են: Հայրը, վերջին գրոշները տալով, մի կերպ կարողանում է որդուն ազատել: Մի խոսքով, նրա ընտանիքը մազապուրծ հասնում է Հալեպ ու կամաց-կամաց ոտքի կանգնում:

Յուսուֆի ծնողները որոշում են նրան ուղարկել Կանադա` քեռի Նաղաշի (լուսանկարիչ Ջորջ Նաքաշյան) մոտ: Ցեղասպանությունը վերապրած ընտանիքը որդու համար փորձում էր քիչ թե շատ անվտանգ ու հեռանկարային կյանք ապահովել` չկռահելով, որ մի օր նա դառնալու է Կանադայի և աշխարհի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը: Յուսուֆ Քարշն ուսում է ստանում ու աշխատում Նաղաշ քեռու ստուդիայում, իսկ Նաղաշը, նկատելով տղայի լուսանկարչական տաղանդը, նրան ուղարկում է Բոստոն՝ սովորելու հայ անվանի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ։ Վերջինս իր ժամանակի մեծագույն լուսանկարիչներից էր և համարվում էր լուսանկարչության նորարար, իսկ նրա արվեստը կոչվում էր «գարոգրաֆիա»:

ֆ Քարշը վերադառնում է Կանադա և ստեղծում իր անձնական ստուդիան Օտտավայի կենտրոնում: Շուտով նրա աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացնում: Սակայն Յուսուֆ Քարշին միջազգային հռչակ է բերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարը՝ 1941 թ. Օտտավա կատարած այցի ժամանակ։ Յուսուֆ Քարշն այդ լուսանկարի պատմության մասին գրել է. «Նա տրամադրված չէր լուսանկարվելու, և այն ամենը, ինչ նա կտրամադրեր ինձ, ընդամենը 2 րոպե էր Համայնքների պալատից նախասրահ անցնելիս: Երկու աղքատիկ րոպեներ՝ լուսանկարելու համար մի մարդու, որն աշխարհը պատել է իր փառքով, իսկ ինձ այս դեպքում` սարսափով: Չերչիլը մռայլ դեմքով շարժվեց դեպի իր սենյակ` իմ խցիկին վերաբերվելով այնպես, ինչպես կվերաբերվեր գերմանացի ոսոխին»: Քարշն ուզում էր ամրագրել Չերչիլի էությունը, որսալ հենց այն պահը, որը հնարավորինս ավելի խորը կբնութագրեր խարիզմատիկ գործչին: Բայց այդ պահին Չերչիլի սիգարը կարծես խանգարում էր, մինչդեռ հայտնի էր, որ սիգարները Չերչիլի կյանքի անբաժան ուղեկիցն են. նա օրական 15-20 սիգար էր ծխում: «Խլե՛ք ինձնից սիգարը, և ես ձեզ պատերազմ կհայտարարեմ»,- Չերչիլի այս հայտնի խոսքն անգամ չի կաշկանդում տաղանդավոր հայ լուսանկարչին: Նա կայծակնային արագությամբ մոտենում և «Ներողություն, պարո՛ն» ասելով` խլում է սիգարը նրա բերանից: Չերչիլի դեմքը միանգամից խոժոռվում է, նա գլուխը զայրացած առաջ է բերում` ձեռքը դնելով ազդրին, և հենց այդ պահին Քարշը նրան լուսանկարում է` ստեղծելով պատմության ամենահայտնի լուսանկարներից մեկը: Այո, սա հենց այն էր, ինչ ուզում էր ստանալ ֆոտոխցիկի անզուգական վարպետը: Իսկ Չերչիլը ոչ միայն իր սիգարը խլած հայ լուսանկարչին պատերազմ չի հայտարարում, այլև ասում է. «Դու կարող ես անգամ մռնչացող առյուծին ստիպել անշարժ կանգնել»: Քարշը լուսանկարը վերնագրում է «Մռնչացող առյուծը»: Ի դեպ, վերջերս Անգլիայի բանկը թողարկել է նոր հինգֆունտանոց պլաստիկ թղթադրամ, որի վրա պատկերված է Չերչիլի «Մռնչացող առյուծը» լուսանկարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *