Խառնվածքի տիպերը

Խառնվածքը  շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։

Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար


Խառնվածքի կապը ընդունակությունների, բնավորության և հետաքրքրությունների հետ՝

Խառնվածքի հիմնական առանձնահատկությունը պայմանավորվածությունն է նյարդային համակարգի հատկություներով։ Վ. Մեռլինը իր ուսումնասիրություններով ապացուցեց, որ խառնվածքի հատկությունների պայմանավորվածությունը նյարդային համակարգի առանձնահատկություններից անմիջական է և միանշանակ, սակայն խառնվածքի հատկությունները առանձին վերցրած կախված են ոչ միայն նյարդային համակարգի մի որևէ հատկանիշից, այլ ողջ նյարդային գործունեության տիպից։

Մեռլինը խառնվածքին էր վերագրում հուզա-կամային ոլորտի առանձնահատկությունները, որոնք ազդում են հոգեկան գործունեության ողջ դինամիկայի վրա։ Սակայն ոչ բոլոր առանձնահատկություններն էր նա վերագրում խառնվածքին և նշում էր, որ ոչ միայն այդ առանձնահատկություններն են պայմանավորում խառնվածքը։ Դրանց թվին են պատկանում նաև ընդհանուր ընդունակությունները, և առհասարակ, խառնվածքի բոլոր հատկությունները իրենցից միաժամանակ ներկայացնում են նաև ընդունակություններ, քանի որ նրանցից է կախված որոշ չափով նաև գործունեության արդյունավետությունը։

Հոգեկան գործունեության դինամիկան պայամանավորում է ոչ միայն խառնվածքը, այլև դրդապատճառները, անձի վերաբերմունքը և բնավորության գծերը։ Սակայն դրանք, ի տարբերություն խառնվածքի, ապահովում են հոգեկան գործունեության դինամիկայի առանձնահատկությունները միայն որոշ իրավիճակներում, իսկ խառնվածքը՝ ամենատարբեր իրավիճակներում, որոնք ոչ մի բովանդակային կապ չունեն միմյանց հետ։

Իսկ բնավորության, դրդապատճառների ամենաէական տարբերությունը խառնվածքից այն է, որ դրանք կարող են և կարճատև լինել, հաճախ փոփոխվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *